dimanche 17 avril 2011

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ


Սիրելի բարեկամ, «Գտնված Երազս» քնած ժամանակ տեսած երազ չի: 30 ու ավելի տարիներ շարունակ, իմ մտքն ու երազանքս է «Գտնված Երազս»: 13 տարեկանում սրտիս մեջ բույն դրած սիրածս աղջիկն է, որ հենց սկզբից սերս մերժեց, իմ վարքի պատճառուվ, չար վարքիս պատճառով, ինչը իմ դառն ու դաժան մանկությանս հետևանքն էր…





... Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն…
Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում

Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում
/«Օրեր», Արթուր Մեսչյան/




Ես շատ դաժան մանկություն եմ ունեցել: Մայրս ինձանից ընդհամենը 16 տարով է մեծ: 9 տարեկանում մայր էր կորցրել, 15-ում` անգրագետ պապս առաջին իսկ ուզողի հետ ամուսնացրել էր, որ դրանով գոնե իր խեղճ, 7 հոգով ապրող ընտանիքում` մեկ բաժին հացի խնդիր պակասեցրած լիներ: 30 տարեկան էլ չկար, երբ ամուսալուծվեց:
Հենց այդ օրից էլ մորս տանջանքները կրկնապատկվեցին: Հայրս գրեթե ամեն օր հարբած էր լինում կամ էլ ամիսներով ռուսաստաններում: Աղմուկ-աղաղակը, ծեծն ու ջարդը, գոռում-գոչյունն ու էս տեսակ բաները մեր տան մեջ սովորական էին դարձել. Բայց միայն այսքանը չէր
Սեփական տան էինք ապրում: Մի կողմում ավագ, մյուս կողմում` միջնեկ հորեղբայրներիս տներն էին: Փոքր հորեղբայրս հոգեկան հիվանդ երկու երեխա ուներ: Նրանք ընդհանրապես չէին խոսում ու չէին լսում: Անում էին այն, ինչ էդ պահին իրենց բնազդն էր երևի հուշում: Կարող էին ամեն վայրկյան մեր տան մեջ հայտնվել, տունը տակն ու վրա անել, պահարանը շուռ տալ ու ամեն ինչ կոտրել: Կամ` ուղղակի մտնել տուն, տան մեջ պպզել ու կեղտոտել: Մեր տան դռան վրա չծակծկված տեղ չէր մնացել. ինչ ձևով էլ կողպեինք, հոգեկան հիվանդի գերբնական ուժով տալիս կոտրում էինՄինչև հիմա մարմնիս վրա զգում եմ այն ցավերը, երբ հորեղբորս հիվանդ աղջիկը կողքովս անցնելիս էնպես էր բռունցքով խփում գլխիս, որ գլուխս ցնցվում էր, ոտքերս` ծալվում: Կամ էլ` երբ ջղայնացած-կատաղած պահին անսպասելի կողքներս էր հայտնվում, մազերիցս ամուր բռնում ու մինչև փողոց հետը քաշ տալիս. բռով մազերս գլխիցս պոկվում` ձեռքում էին մնում: Մայրս ոչինչ անել չէր կարող. անօգնական էր ու ձայնազուրկ: Որ խոսեր՝ ծեծ կուտեր: Դաժան ծեծ, որից հետո օրերով ու շաբաթներով անկողին կընկներ: Երևի անճարությունից էր հայրս խմիչքին տրվել: Նա ծեծել-ջարդելուց, հերսը մորիցս հանելուց բացի ուրիշ ոչինչ չեր կարողանում անել, ինքն էլ ձայնազուրկ էր ավագ եղբայրների առաջ: Մայրս էլ իր հերթին` անճարությունից հերսը իմ ու փոքր եղբորս գլխին էր թափում: Ծեծում էր: Չնայած սրտով սիրում էր, բայց դաժան էր ծեծում, ահավոր դաժան: Ցավից փախնում էի, ցավից տուն մտնել չէի կարողանում, չէի ուզում. Գիշերները հարևանների նկուղներում, կամ էլ փողոցի մի մութ անկյունում կուչ էի գալիս ու տուն չէի գնում, մինչև չհամոզվեի, որ հայրս քնել է, մորս հերսն էլ` թողել:
Ընդունակ երեխա էի, բայց դպրոցում չկարողացա ընդունակությունս ցույց տալ: Չէի էլ կարող: Գիշերները նկուղներում, փողոցում կամ շների վախից ծառերի վրա ննջող 10-11 տարեկան երեխան ո՞նց կարող էր հաջորդ օրը նորմալ վիճակում դպրոց գնալ: Գիշերվա քունս չառած` ո՞նց կարող էի ինձ տիրապետել ու դասերի ժամին աչքերս չփակել: Իսկ ուսուցիչներս այդ ամենը տեսնում էին, բայց չէին ցանկանում զբաղվել մեզանով: Չէին ցանկանում, որովհետեւ պատճառը գիտեին, որովհետեւ հորեղբորս գիժ երեխեքի մայրը մեր դպրոցի հարգված ուսուցիչներից մեկն էր: Հենց իմ դասղեկն էր: Ես ո՞նց կարող էի դասի ժամանակ պատառոտված գրքերս հանել ու դասընկերներիս ծիծաղի առարկան դառնալ: Կամ` ո՞նց կարող էր փոքր երեխայի մեջ գրքի հանդեպ սեր առաջանալ, երբ նկարազարդ գրքերի նկարները հորեղբորս աղջիկը պատռում-տանում էր: Ստիպված էի դասերից փախչում, որ վրաս չծիծաղեն: Հետո էլ հենց այդ փախչելուս համար էի ծեծվում, հալածվում:
Դաժան մանկություն էր: Ահավոր, այնքան ահավոր դաժան, որ գիշեր ու ցերեկ ինձ փողոցն էր ձգում: Փողոցում ինձ չէին հալածում: Փողոցներում ես մենակ էի, ինքս ինձ հետՈւ մի օր պետք է չէ՞, հայտնվեի ինձ նման փողոցում հայտնվածների շրջապատում: Դպրոցական տարիքի իմ լուսանկարներում գոնե մեկը չեք գտնի, որտեղ աչքերիս մեջ ուրախության թեկուզ մի նշույլ լիներ: Բայց այս ամենի հետ ես մեծանում էի: Նոր տարիք մտնում