Այդ օրվանից հետո, ամիսներ շարունակ ես դուրս չէի գալիս Մարիամի ճանապարհին, չէի անհանգստացնում իրեն: Բայց ամեն օր, ու նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ, գնում էի իրենց տան կողմերում մի հարմար տեղ դարանակալում. այնպես դարանակալում, որ Մարիամն ինձ չնկատեր, միայն ես իրեն տեսնեի: Տեսնում էի ու լուռ լալիս: Ես շարունակում էի Մարիամենց տուն զանգել, բայց չէի խոսում, ոչ մի բառ չէի ասում, լսափողը փակում էի, որ կարծի, թե զանգողի ձայնը չի լսվում ու այդ կերպ միայն իր ձայնն էի լսում: Լսում էի ու լալիս, լալիս էի ու լալիս…
Մտքումս միայն մի հույս էի փայփայում. որ իրենց մեջ ինչ-որ խնդիրներ առաջանան, որ գժտվեն ու միմյանցից հեռանան, որ Մարիամին գտնելու հույսը նորից կյանք առնի:
Ամիսներ անցան, ու մի օր տեղեկացա, որ Մարիամն ու Արտաշեսը նշանվել են: Սիրտս կանգնում էր, լալիս էի, լալիս ու լալիս: Ուզում էի հեռանալ աշխարից, բայց չէի կարողանում. մայրս, մորս նկատմամբ ունեցած սերն ինձ թույլ չէր տալիս: Սկսեցի ամեն օր հարբել, ցավս խմիչքով թեթեւացնել: Ամեն օր պտտվում էի իրենց տան մոտ, հեռվից իրեն տեսնում ու լալիս: Ամեն օր զանգում էի, ձայնը լսում ու լալիս: Բայց իմ ներկայությամբ չէի անհանգստացում: 85-ի հունվարն էր, Նոր տարվա առաջին օրերը, էլի հարբեցի ու գնացի իրենց տան կողմերը: Հանկարծ փողոցում Մարիամն ու Արտաշեսը դեմս դուրս եկան, չկարողացա ինձ պահեմ, կռիվ արեցի… Առավոտյան կողմն էր, երբ տուն գնացի կոտրված սրտով, էլ ոչ մի կասկած չունեի, որ Մարիամիս անվերադարձ եմ կորցրել. Ես իրեն բարի բախտ էի ցանկացել, բայց չէի կարողանում ինձ զսպել: Չէի կարողանում ինձ ստիպել, որ մոռանամ…
Այդ օրերին մեր հարևանի տուն մի աղջիկ էր գալիս: Ավելի ճիշտ երիտասարդ` 17 տարեկան կին էր: Թե մինչև այդ ում հետ էր հանդիպել, թե իրականում հասցրել էր ամուսնանալ ու բաժանվել, դա ինձ չհետաքրքրեց: Փողոցում հանդիպեցինք ու զրուցում էինք, նա նեղված էր, պատմում էր, որ ինքը հակառակ իր ծնողների կամքի է ամուսնացել, ու հիմա, երբ բաժանվել է և վերադարձել, հայրական տանն իր տեղը չի գտնում, որ իրեն միշտ նեղում են, երեսովը տալիս, ու նման բաներ: Այդ ժամանակ ես, իմ կարճ խելքով, որոշեցի իրեն իբրև կին տուն տանել: Կարծում էի` անուն կհանեմ, թե կին ունեմ, կարծում էի` այդ կերպ ինձ կհաջողվի ոչ թե Մարիամիս մոռանալ, այլ գոնե չանհանգստացնել: Ոչինչ չթաքցրեցի նրանից: Ասացի այսպես. «Ես քեզ սիրել չեմ կարող, իմ սրտում իմ սերն է, որին հասնել չեմ կարող: Ես չեմ ցանկանում ամուսնանալ ընդհանրապես, բայց իմ տան մեջ կնոջ կարիք է զգացվում: Եվ եթե կուզես, կարող եմ քեզ մեր տուն տանել: Կարող ենք բոլորի աչքում ամուսիններ լինել, դու էլ անուն կհանես որ ամուսին, ընտանիք ունես»: Նա համաձայնեց: Իմ սերը Մարիամն էր, ես չսիրած կնոջից երեխա ունենալ էլ չէի ուզում:
Ռայայի հետ միասին 7-8 ամիս ապրեցինք: Ես ամեն օր, առաջվա պես շարունակում էի Մարիամենց տան կողմերը պտտվել, հեռվից իրեն տեսնել ու տանջվել, լալ: Առաջվա պես զանգում, Մարիամիս ձայնն էի լսում ու լուռ լալիս: Մի օր Ռայան ինձ էսպես ասաց. «Դու ինձ չես սիրում, ես միշտ տանը ինձ մենակ եմ զգում, ինձ համար դժվար է: Եթե համաձայնես` երեխա ունենանք, ինձ հեշտ կլինի…»: Ասացի` դա մոռացի: Երեխա ունենալու մասին մայրս էլ էր շատ խոսում, բայց ես լսել չէի ուզում: Առաջվա պես, ամեն առավոտ տանից դուրս էի գալիս, գնում նախկին թաղամաս ու Մարիամենց տան կողմերում պտտվում ու պտտվում: Ամեն օր սպասում էի, որ մութն ընկնի, ու գաղտագողի բարձրանում էի իրենց հարևանների կտուրները և մինչեւ առավոտ այդպես մնում, որ պատուհաններից Մարիամին տեսնել կարողանայի: Մի օր իրենց հարևաններից մեկը նկատեց, ուզում էր միլիցիա զանգել, կարծում էր, թե գողություն անելու համար եմ տանիք բարձրացել: Երբ գիշերվա ուշ ժամին այդ մարդը սկսեց բղավել, տանիքից թռա, ոտքս վնասեցի, բայց փախա: Չէի ցանկանում, որ հանկարծ Մարիամն այդ մասին իմանար: Ես զգում էի, որ չեմ կարողանում զգացմունքներս իմ մեջ պահել ու օր օրի նորից սկսում էի վտանգավոր դառնալ…
86-ի մայիսին տղաս ծնվեց: Ես աղջիկ էի ցանկանում, որ անունը Մարիամ դնեի: Տղաս ծնվեց, բայց ես էլի ոչ մի կերպ չէի կարողանում Մարիամիս մոռանալ: Վիշտը սրտիս մեջ` պատեպատ էի խփվում ու վախենում, որ մի սարսափելի բան կանեմ: Վերջս տալու մասին ու օր-օրի ավելի շատ էի սկսում մտածել: Տարիներ առաջ պատով անցել էի Մարիամենց բակ, բարձրացել պատշգամբ ու փորձել երակներս կտրել: Կտրել էի, բայց խորը չէի կարողացել. էն ժամանակ դեռ երեխա էի: Հետագայում էլ շատ եմ ցանկացել, մորս եմ խղճացել: Երեխաս ծնվեց, բայց տանս մեջ էլի իմ տեղը չէի գտնում, ամեն օր ժամերով Մարիամենց տան շուրջբոլորն էի պտտվում: Օրը հազար անգամ իրենց տուն էի զանգում: Զանգում էի, բայց չէի խոսում, որ հանկարծ լսափողը չկախի, որ հանկարծ չանջատի, որ կարծի` զանգողի ձայնը չի լսվում, ու անընդհատ «ալո…» ասի, որ գոնե ձայնը լսեմ: Լսում էի ու լուռ արտասվում: Լալիս էի ու լալիս…
Կինս, ավելի ճիշտ կլինի ասեմ ` որդուս մայրը, ինձ առաջարկեց Ուկրաինա` իր հոր մոտ խոպան գնալ: Գնացինք, ընդամենը 1 օր կարողացա մնալ: Օտար էին, ինձ հարազատ շունչ չկար: Մարիամն էր ամեն վայրկյան աչքերիս առաջ: Հենց հաջորդ օրը վերադարձա:
Աստիճանաբար ավելի վտանգավոր էի դառնում: Վախենում էի, որ էն օրվա նման Մարիամիս էլի նշանածի հետ կհանդիպեմ ու համը կհանեմ, արյուն կթափեմ: Մարիամի շուրթերից կանիծվեմ: Ինձ մեկուսանալ էր պետք… Ինձ միայն մեկուսացնելով կարող էին իրենից հեռու պահել…
Տղաս ծնվեց մայիսի 10-ին, ինձ մեկուսացրին մայիսի 30-ին (ընկերներիս արած գողություն վրաս էի վերցրել): 4 տարի տվեցին: Կալանավայրում էլ տեղս չէի գտնում, շուրջ բոլորս հանցագործներ էին, ինձ խորթ մարդիկ: Ամենամեծ ցանկությանս դեպքում նույնիսկ չէի կարող մի անկյուն գտնել, որ մենակ լինեմ, որ մտքերիս մեջ Մարիամիս հետ խոսեմ, լացեմ, հանդարտվեմ: Ամեն ինչ անում էի, որ ինձ մեկուսացնեին, որ կարցեր ընկնեի, կամ էլ տեղափոխվեի ՑեԲե` գժանոց, ու մի խցում միայնակ մնայի` Մարիամիս ու մտքերիս հետ:
3 տարի 4 ամիս նստելուց հետո ազատվեցի: Բաժանվեցի, տղաս մնաց իմ ու մորս հետ: Գաղութն իմ կյանքում իրոք մեծ դեր խաղաց, գաղութն ինձ համար մի համալսարան էր: Հազար-հազար անգամ մեջքի վրա պառկած` անցած կյանքիս օրերն եմ հիշել, հետ եմ գնացել ու ապրած տարիներս նորից մանրամասնորեն ապրել, ցավերս զգացել, վերհիշել, վերլուծել, չստացված բախտիս համար մեղավորներ փնտրել: Հենց այդ օրերին դրսում ազգային ազատագրական Շարժումը սկսվեց ու խորը մտածումների մեջ գցեց: Հասկացա: Սեւ բախտիս մեղավորը սովետական բարքերն էին։ Երեւի:
Aucun commentaire:
Enregistrer un commentaire