Ազատվելուս հենց հաջորդ օրվանից ինձ նվիրեցի Շարժմանը: Եղած կուսակցությունների մեջ ինձ հարազատ դարձավ ԱԻՄ-ը: Քաղաքականության մասին ոչ մի վայրկյան չէի մտածել, նույնիսկ նախկինում պայքարի դուրս եկած ու քաղբանտարկյալ դարձած մարդկանց մասին ոչ մի անգամ չէի լսել, բայց նրանց հակասովետական անունն իսկ` ինձ արդեն ձգում էր: Ես էլ էի Սովետին հակա դարձել: Ես էլ հակա դառնալու իմ անձնական պատճառն ունեի…
Նվիրվեցի շարժմանը: Տունն էլի ինձ չէր ձգում: Օր ու գիշեր դրսերում էի. ցույցեր, միտինգներ: Նվիրվեցի շարժմանը, բայց Մարիամիս մոռանալ չկարողացա, ուր էլ գնայի, ինչ էլ անեի, ոնց էլ լիներ` օրվա մեջ մի որոշակի ժամանակ պետք է գնայի իր հորական տան կողքերը պտտվեի` իրեն տեսնելու հույսով: Մարիամը ամուսնացել ու արդեն երեխա ուներ: Որտե՞ղ էր ապրում, ես դա չգիտեի: Որ գոնե մի անգամ տեսնեի, կհետեւեի, հարս գնացած տան տեղը կիմանայի, կգնայի էդ կողմերում կսկսեի պտտվել, միայն թե թեկուզ և հեռվից տեսնեի: Տանջվում էի, սիրտս մղկտում էր, ո´չ ապրելու տեղը գիտեի, ո´չ էլ հեռախոսահամարը, որ գոնե ձայնը լսեի: Անցան ամիսներ, ու մի օր պատահեց, որ Մարիամիս ամուսնուն` Արտաշին տեսա: Ինքն ինձ չէր տեսնում: էդ պահին Շարժման ընկերներով, զենքերն ազգայնացնելու համար, դեմքներիս դիմակ հագած, «Լենինյան» միլիցիայի վրա էինք հարձակվել: Արտաշն անցնում էր, ճանաչեցի, բայց չասացի ով եմ: Ասացի, որ միմյանց ճանանչում ենք, բայց հիմա էնպիսի պահ է, որ ոչ դիմակս կարող եմ հանել ու ոչ էլ անունս կարող եմ ասել: Իր սովորած տեխնիկումը հիշեցրի, համոզվեց որ ճանաչում եմ, հեռախոսի համարը տվեց, որ զանգեմ ասեմ ով էի:
Զանգեցի, շատ զանգեցի, գրեթե ամեն օր զանգում էի, Մարիամիս ձայնը լսում ու էլի առաջվա պես ոչինչ չէի խոսում, միայն լալիս էի, լուռ լալիս ու լալիս…
Հեռախոսն արդեն ունեի, տան տեղն էլ իմացա: Դրանից հետո օրեր, ամիսներ ու տարիներ, լինում էր` օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ իրենց շենքի դիմաց, մի անկյունում ժամերով կանգնում, Ձախ Հարութի «Թեկուզ ուրիշ գրկից, միայն արի, արի» երգը կոկորդումս, արցունքներն աչքերիցս թափելով, գլուխս իրենց պատուհանների կողմն արած` Աստված էի կանչում, որ գոնե պատշգամբ դուս գար, որ գոնե պատուհանից տեսնեի…
Ես նորից սկսում էի վտանգավոր դառնալ, մի անգամ մոտոցիկլետով էի, Մարիամս պատշգամբ դուրս եկավ: Ինձ չէր նկատել: Հղի էր. տեսա ու էդ պահին մեռնել ուզեցի: Հայացքս իրենից չկտրեցի: Իրեն նայելով` շատ արագ գնացի դիմացից եկող մեքենային խփեցի ու 10 մետրի չափ հեռու ընկա կոտրտվեցի… Հայացքս էլի Մարիամիցս չէի կտրում…
Իրոք վտանգավոր էի դառնում. զանգերս կարող էին իր համար անախորժություն դառնալ: Ինքը մեղք չուներ, բայց կհասկանային, որ այդ անդադար զանգերը հենց իր համար են: Երբ ինքն էր վերցնում, ես չէի խոսում, միայն լսում էի, իսկ ուրիշ վերցնողների դեպքում միանգամից էի հեռախոսը դնում:
…Մի կողմից գիտակցում էի, որ իրավունք չունեմ, մյուս կողմից էլ` մորս անօգնական վիճակն էր ինձ ստիպում նորից ամուսնանալու մասին մտածել: Ու որոշեցի: Այդպես էլ արեցի, բայց հոգուս հարազատ կին էլի չկարողացա գտնել: Չէի կարող, անհնարին էր, սիրտս վաղուց Մարիամիս էի նվիրել: Մարիամիս մասին ապագա կնոջս հենց սկզբից հնարավորինս մանրամասն պատմեցի: Չթաքցրեցի, որ սիրտս վաղուց իմը չէ, որ ոչ ոք էդ տեղը չի կարող գրավել: Ու որ աղջիկ ունենանք, անունը Մարիամ եմ դնելու: Ինքը թերահավատորեն ընդունեց ասածս: Գուցե համոզված էր, որ կկարողանա հաղթահարել: Չգիտեմ: Ասում էր, որ երբ ես համոզվեմ, որ ինքն ինձ սիրում է, այդ ժամանակ էլ սիրտս իրեն կընդունի: «Կարող ես` փորձիր». էս եղավ պայմանս…
Երկու երեխա ունեցանք, Մարիամիկս ծնվեց: Բայց իմ սիրտը Մարիամիս այդպես էլ չկարողացավ մոռանալ…
Հետո Մարիամն իր ընտանիքով Ռուսաստան տեղափոխվեց, ու ես անկախ իմ կամքից կորցրեցի իրեն տանող բոլոր հետքերը: Մի դասընկերուհի ունեինք, իրենց տան մոտ էր ապրել, հետո մեր հարևանի տուն հարս եկել. Մարիամիս մասին միայն իրենից էի մեկ-երկու բառ իմանում…
Ամուսնացած, երեք երեխաների հայր էի արդեն, բայց հոգիս ու սիրտս Մարիամ էր կանչում: Ընտանիք ու լավ երեխաներ ունեցա, բայց առանց Մարիամ` կյանքս իմաստ չուներ: Ուզում էի մեռնել, բայց եւ ուզում էի երեխաներիս համար մի լավ բան անել…
98-ին երբ Հայաստանում իշխանափոխություն եղավ, ես նորից ակտիվացա: Մեկ մտածում էի, որ մի լավ բան անեմ, անուն հանեմ. Մարիամիս չեմ հասնում, գոնե անունս իրեն հասցնեմ…
Ռուբիկի երգի խոսքերը կյանքիս ուղեկիցն էի դարձրել.
«Դուք ասում եք, որ կյանքում հարկավոր է պայքարել,
բայց ես թանկագինս, հոգնել եմ, հոգնել:
Դու ասում ես՝ սիրիր ու կյանքին հավատա:
Ես իմ մահն եմ փնտրում.
Տես շուտով նա կգա»։
Aucun commentaire:
Enregistrer un commentaire